Tuesday, November 9, 2010

Որքանո՞վ եք կարևորում տեղեկացված լինելը

Մի անգամ ընկերուհուս հարցրեցի, թե գիտի՞ արդյոք ինչպես է փոխանցվում ՄԻԱՎ-ը: Նա էլ, թե` դա այն հիվանդությունը չէ՞, որ փոխանցվում է փռշտոցի միջոցով: Ես պատասխանեցի, որ դա գրիպով վարակվելու ուղին է: Ընկերուհիս բարկացավ, ասաց, որ հաստատ գիտի, կարդացել է մի ամսագրում մեծ-մեծ տառերով գրված զգուշացումն այն մասին, որ ՄԻԱՎ-ը փոխանցվում է փռշտոցի միջոցով: Խնդրեցի բերել ու ցույց տալ այդ «անհեթեթությունը»: Չբերեց, երևի ամաչում էր: Տեսնու՞մ եք ինչ վատ է չիմանալը: Շատ ուրախ եմ, որ ես գիտեմ: Հետաքրքիր կլիներ իմանալ, թե իմ հասակակիցներն ի՞նչ նման դեպքերի են հանդիպել և ինչպե՞ս են վարվել:
Սիլվա Խաչատրյան` 
«Հավասարը` հավասարին» մեթոդով կրթող
15 տարեկան

Friday, September 17, 2010

Դժվար երեխաներ, թե անցումային տարիքի առանձնահատկություններ

Տղաներն անցումային շրջանում դառնում են ինքնամփոփ, իսկ աղջիկներն ամեն մի չնչին առիթով կարող են հուզվել: Առաջանում են նոր մղումներ, նոր` ուժեղ ցանկություններ, որոնք բնական են: Այս տարիքում շատ կարևոր է, որ դեռահասի կողքին լինի վստահելի մեկը` լինի դա ծնող, ավագ ընկեր, ուսուցիչ, ով ընդունակ կլինի դեռահասին գրագետ ու նրբանկատորեն բացատրել, թե ինչ է տեղի ունենում իր հետ, ով կկարողանա օգնել դժվար տարիքում գտնվող պատանուն կամ աղջկան հասկանալ սեփական վարքագծի հնարավոր հետևանքները: Ոչ պակաս կարևոր է հենց այս տարիքում ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների վնասների ու վտանգների գիտակցումը: Ֆիզիոլոգիայի մասին ունեցած տեղեկություններից, պատանիների և աղջիկների, ինչպես նաև տղամարդկանց և կանանց փոխհարաբերությունների ճիշտ լուսաբանումից է կախված դեռահասների ֆիզիկական և բարոյական առողջությունը, կյանքի պլանները, հետագայում` նրանց ստեղծած ընտանիքների ապագան: Ինչպիսին եք դուք տեսնում այդ ամենի իրագործումը. Ըստ ձեզ որտեղ, ով և ինչ կերպ պետք է խոսի անցումային տարիքի առանձնահատկությունների մասին:

Thursday, September 16, 2010

Հավասարը` հավասարին մեթոդով կրթողների առաջ հաճախ ծառացող դժվարություններ


Հասարակության տարբեր շերտերում մինչ օրս դեռ պահպանվում է այն կարծրատիպը, թե պետք չէ, կամ անգամ չի էլ կարելի դեռահասների հետ շոշափել այնպիսի հարցեր, ինչպիսիք են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ն ու թմրամոլությունը: Սա այն կարևոր խոչընդոտներից մեկն է, որն էլ դժվարեցնում է ԱՊԵԿ-ի դասընթացներից հետո Հավասարը` հավասարին մեթոդով կրթողների որակավորում ստացած դպրոցականների
աշխատանքը: Նրանք, ձեռք բերած գիտելիքները Հավասարը` հավասարին մեթոդով տարածելիս երբեմն հանդիպում են նաև դժվարությունների: Որոնք են այդ դժվարությունները և ինչ ուղիներ եք տեսնում դրանց հաղթահարման գործում: